November 17

Ավ․ Իսահակյան «Երջանիկ խրճիթը»

 29 Հոկտեմբերի, 2022

ՀԷՔԵԱԹՆԵՐ - «Երջանիկ Խրճիթը»-Ղազարոս Աղայան Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ  ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ...

1-ին մաս

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

2-րդ մաս

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Զմրուխտյա –  Զմրուխտի նման կանաչ

թիկ – թիկունք

չիբուխ – ծխամորճ

մացառ – թուփ

շավիղ – արահետ

քարավան – բեռնատար

սլացավ- սրընթաց վազել

  1. Վերնագրի՛ր առանձնացված մասերը:
    լացող մանուկը , վերադարձ դեպի տուն
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
    շավիղ -ուղի
    մանուկին – երեխային
    շքեղ – փառահեղ
    չքանում – կորչում
    հարուստ – փողավոր
    վեջալույսի – իրիկնամուտ
    մարմանդ – մեղմ
    ալևոր – տարիքոտ
    պես- նման
  3. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ 
    թևին տալ – հպարտանալ
    ներս ընկնել – մտնել
    լաց լինել – լալ
    թիկն տալ – թիկնել
  4. Դուրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

  1. Բնութագրի՛ր տղային։

Տղան տխուր էր , լաց էր լինում կարոտում էր իր ծնողներին։ Ուզում էր ամեն գնով գտնել նրանց ։ Նա նպատակը հետապնդող մարդ էր ։

  1. Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
    որտեղ որ լինես , դու չես մոռանում քո տունը ։
  2. Ի՞նչ ես կարծում, տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
    Ես կարծում եմ ,որ նա ճիշտ չէր անում , որովհետև բարիքը չեն մոռանում կարող էր չթողնել իրեն մեծացրած ծնողներին և նույն ժամանակ գտնել իր իսկական ծնողներին ։
  3. Ի՞նչ նմանություն ես տեսնում այս ու «Եղնիկը» պատմվածքի միջև։

Երկու պատմվածքները ավարտվեցին տուն վերադառնալով ։